Վաշինգտոնը շեշտը դնում է Ադրբեջանի հետ համագործակցության վրա. Պյոտր Կոլչին
29 Հունվարի 2026, 22:00
Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցի նպատակը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն արդեն հստակեցրել է իր դիվանագիտական առաջնահերթությունները Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը «խաղադրույք» է անում Ադրբեջանի հետ համագործակցության վրա, ինչը հաստատվում է նաև պաշտպանական սարքավորումների մատակարարումների վերաբերյալ հայտարարություններով։
«Այս տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դառնում է նրանց մերձավորարևելյան քաղաքականության մի մասը, ուստի ամեն ինչ ծառայելու է երկարաժամկետ նախագծերին՝ Իրանի վրա ճնշում գործադրելուն, Իսրայելին աջակցելուն, ինչպես նաև տարածաշրջանի պարբերական ապակայունացմանը սեփական շահերից ելնելով։ Խոսել այն մասին, որ նման դիվանագիտությունը լուրջ առավելություններ կբերի այլ երկրների համար, դժվար է»,-ասել է Կոլչինը։
Փորձագետի կարծիքով՝ այս իրողությունների պայմաններում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան կարող է կապված լինել Իրանի դեմ հերթական հարվածների նախապատրաստման հետ։
«Երևանը փաստացի կարող է դառնալ այս ագրեսիայի լուռ մեղսակիցը, եթե Փաշինյանի վարչակազմի դիվանագիտական կուրսը շարունակվի նույն ուղղությամբ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել Հարավային Կովկասը սեփական նպատակների համար, և Վենսի այցը դրա ևս մեկ ապացույցն է»,- եզրափակել է Կոլչինը։