Վաշինգտոնյան համաձայնագրում առկա անհասկանալի պահերը վերացել են. Իրանի դեսպան
26 Սեպտեմբերի 2025, 18:32
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, մի մասը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, որին մենք միշտ աջակցել ենք, այժմ էլ մեր աջակցությունն ենք հայտնում և ողջունում ենք այն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, իր հրաժեշտի ասուլիսում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։
«Այդ հայտարարության մեջ զետեղված և ընդգծված է 5 սկզբունք։ Դրանք այն սկզբունքներն են, որոնց միշտ մենք աջակցել ենք։ Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը։
Իհարկե, այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան։ Անհասկանալի պահերը վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել։
Սակայն այն ինչը կարող եմ հստակ այսօր ընդգրծել հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլեր չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրների շահերից։
Մենք շատ սերտ կապերի մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ մենք տեղեկացված լինենք այն մանրամասների վերաբերյալ, որոնք հետագայում կխոսվեն։ Սակայն երկու երկրների իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում»,- ընդգծել է նա։