Վաշինգտոնյան հռչակագիրը դրական կանդրադառնա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա. Կոստանյան
10 Օգոստոսի 2025, 12:54
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարծում է, որ նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով չափազանց կարևոր զարգացում է տեղի ունեցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։
Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագրի հնարավոր ազդեցությանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա՝ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունն ընթանում է առանց միջնորդների, սակայն կարելի է հույս հայտնել, որ վաշինգտոնյան հռչակագիրը դրական կանդրադառնա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, որովհետև կնքված հռչակագրով նոր տնտեսական հնարավորություններ են բացվել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։
«Հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կավելացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, և դա թույլ կտա նաև արձանագրել դրական առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։