Վատ չէ ինչ-որ երկրի հետ հարաբերություններ հաստատելը, բայց կապիտուլյացիա ստորագրելո՞վ. Արթուր Խաչիկյան

02 Սեպտեմբերի 2025, 22:15

Քաղաքականություն

Չինաստանում օգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ են ստորագրել: Այդ ստորագրումից ժամեր անց տեղեկություններ շրջանառվեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սա այն դեպքում, երբ Հնդկաստանն էլ արգելափակել է Ադրբեջանի անդամակցության հայտը:

Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ: Նա չի բացառել, որ Պակիստանի քայլը հնարավոր է պայմանավորված է Ադրբեջանի հարցում Հնդկաստանի դիրքորոշմամբ:

«Պակիստանը 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին, կտրուկ պրոադրբեջանական ու պրոթուրքական դիրքորոշում ունի: Հարաբերություններ հաստատելը վատչէ, բայց ի՞նչ գնով, Արցախը հանձնեցինք, Մեղրին հանձնեցինք, եթե այդ գնով ենք ստանում այդ հարաբերությունները, գուցե ինչ-որ բան էլ հանձնենք, որ նրանք գոհ լինենք մեզնից: Մեր փորձերը և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի և՛ Ռուսաստանի հետ խաղալու՝ չի ստացվում, քանի որ մենք մի կողմից գնում ենք Մոսկվա, ասում, որ մեր եղբայրն է, մյուս կողմից էլ ռեգիոն ենք բերում իրենց թշնամիներին՝ Արևմուտքի ուժերին: Եթե Հայաստանն ուզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, ապա թող խզի, բայց փոխարենը Արևմուտքից պետք է ստանալ հստակ երաշխիքներ, բայց մենք դա չունենք: Այս դեպքում գոնե ռեգիոն մի բերեք Ռուսաստանի ու Իրանի թշնամիներին…. Ինչ-որ երկրի հետ հարաբերություններ հաստատելը վատ բան չէ, բայց ի՞նչ գնով, հանձնվելո՞վ, կապիտուլյացիա ստորագրելո՞վ: Արժե՞ այսպիսի զիջումների գնալ: Կարծում եմ՝ իշխանությունը ձև է անում, թե չի կտրվում Հյուսիսից ու Արևելքից, բայց իրենց իրական մտադրությունը Արևմուտք գնալն է: Ես երբեք դեմ չեմ եղել Արևմուտիքի հետ ճիշտ, բարյացակամ հարաբերություններ հաստատելուն, բայց ոչ Արցախը հանձնելու գնով»,- ասաց Արթուր Խաչիկյանը: