Վատիկանի ռադիոն հայերենով սփռում է նաև հայկական եկեղեցական կյանքին վերաբերող լուրեր. Աթթարյան

11 Ապրիլի 2025, 19:38

Քաղաքականություն

«Ռադիո Վատիկան»-ի հայկական բաժնի պատասխանատու Ռոբերտ Աթթարյանը Alpha News-ին ներկայացրել է, թե ինչ գործունեություն են ծավալում: Նա նշել է, որ Վատիկանի ռադիոն հայերենով անդրադառնում է տարբեր թեմաների:

«Վատիկանի ռադիոկայանն ունի 56 լեզուներով հաղորդումներ, որոնց մեջ ներառված է նաև հայերենը: Մեր բաժանմունքը ձևավորվել է 1966 թվականին՝ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյան կարդինալի ջանքերով: 1966-ին, երբ մենք գործում էինք «Ռադիո Վատիկան»-ի հետ՝ այդ 56 լեզուների ներքո, սկզբնական շրջանում ունեինք շաբաթական 10 վայրկյանանոց հայտագիր, ժամանակի ընթացքում այդ 10 վայրկյանը դարձավ առօրյա հայտագիր, այսօրվա դրությամբ ունենք 19 վայրկյանանոց հայտագիր ու նաև մեր կայքէջը, որտեղ հրապարակում ենք մեր բոլոր լուրերը»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հրապարակում են տարբեր թեմաներին առնչվող լուրեր, և որ ամենակարևորն է՝ հայերենով:

««Ռադիո Վատիկան»-ը պատկանում է Վատիկանին, անշուշտ, մեր առաջնահերթ գործունեությունն է հրապարակել քահանայապետին առնչվող լուրեր, վատիկանյան լուրեր: Մեզ թույլ է տրված հրապարակել նաև հայ եկեղեցական կյանքին, մշակույթին վերաբերող լուրեր: Ամենը սփռվում է հայերենով»,- ասել է Ռոբերտ Աթթարյանը: