Վաղ է խոսել Թրամփի ծրագրի իրատեսական լինելու մասին. Մալեկ Դուդակով

26 Նոյեմբերի 2025, 22:00

Քաղաքականություն

Ամերիկագետ-քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը:

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի ծրագրի իրատեսական լինելու մասին խոսելը դեռ վաղ է:

«Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով է իրատեսական կամ ոչ իրատեսական Թրամփի ծրագիրը: Պարզապես այն պատճառով, որ այդ ծրագիրը ձևավորվում է բառացիորեն տվյալ պահին՝ մեր աչքի առաջ։ Գոյություն ունի սկզբնական 28 կետից բաղկացած փաստաթուղթ, որը հաստատվել է Թրամփի վարչակազմի կողմից ռուսական կողմի հետ շփումներից հետո։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն, ըստ ամենայնի, արդեն փոխվում է՝ ամերիկյան վարչակազմի և ուկրաինացի լոբբիստների ու եվրոպական էլիտայի ներկայացուցիչների հետ զուգահեռ շփումներից հետո։

Նույնիսկ սկզբնական 28 կետից բաղկացած տարբերակում շատ հարցեր կային՝ ինչպես իրականացնել այս կամ այն որոշումները, ինչպես կչեղարկվեն պատժամիջոցները, ինչ կլինի ռուսական ակտիվների հետ, ինչպես է ենթադրվում չեզոք գոտի ստեղծել Դոնբասի տարածքում և այլն։Այդ ծրագրում ամեն ինչ չէ, որ լիովին համապատասխանում է մեր ազգային շահերին։ Բայց այն ծրագիրը, որը հիմա համաձայնեցվում է ուկրաինական կողմի հետ, ըստ ամենայնի, էլ ավելի քիչ կհամապատասխանի մեր պահանջներին ու պայմաններին։ Ուստի խոսել այն մասին, որ այն հնարավոր կլինի արագորեն իրականացնել, միանշանակ չի կարելի»,- ասել է Դուդակովը։

Փորձագետի խոսքով՝ լուրջ պառակտում կա Թրամփի վարչակազմի ներսում:

«Թրամփի վարչակազմի ներսում լուրջ պառակտում կա: Կան «բազեներ», օրինակ՝ Մարկո Ռուբիոն, որոնք պատրաստ են ընդառաջ գնալ ուկրաինացի լոբբիստներին։ Եվ կան ռեալիստներ՝ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիթքոֆը, որոնց դիրքորոշումն ավելի մոտ է ուկրաինական ճգնաժամի կարգավորման ռուսական մոտեցմանը։ Այս խմբերի միջև շարունակվում է ներկուսակցական հակամարտությունը։ Թե դրանցից որը կհաղթի, ի վերջո կտեսնենք, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այն մասին, թե որքանով է այն իրատեսական և ընդհանրապես ենթակա իրականացման։

Եթե ներկայացվի ավելի հավասարակշռված տարբերակ, որոշակի շանսեր կան, իսկ եթե հաղթի կոշտ գիծը, բանակցային ուղին անխուսափելիորեն նորից կանգ կառնի՝ պարզապես այն պատճառով, որ ուկրաինական կողմը մտադիր չէ ընդունել ռուսական պայմանները։ Իսկ Ռուսաստանն, իր հերթին, երբեք չի ընդունի այն պայմանները, որոնք առաջարկում են արևմտյան ու ուկրաինական «բազեները»»,- եզրափակել է Դուդակովը:

Հիմա եթերում