Վախենում եմ՝ Բրյուսելում ինչ-որ նոր եռակողմ հայտարարություն ծնվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
13 Մայիսի 2023, 13:35
Ադրբեջանը նախօրեին հրետանային և ականանետային միջոցներից կրակել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: 4 հայ զինծառայող է վիրավորվել:
Այսօր էլ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը ԱԹՍ է կիրառել: Եվս 2 զինծառայող է վիրավորվել:
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Արդյոք Բաքուն այս կերպ նպատակ ունի վիժեցնել հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք Բրյուսելում նախատեսված են նախ եռակողմ, ապա Քիշնևում՝ հնգակողմ ֆորմատով:
«Ես չեմ բացառում, որ Վաշինգտոնում պայմանավորվածություն է եղել սահմանի այդ հատվածում դիրքերը հստակեցնելու, Ադրբեջանը ցանկանում է ավելի բարենպաստ դիրքեր վերցնել:
Ադրբեջանն այսօր երկու խնդիր ունի լուծելու՝ Լաչինի միջանցքի կարգավիճակը նոյեմբերի 9-ի փաստաթղթով հաստատված՝ փոխվի, և միջանցք ստանա մեր տարածքով»,- Alpha news-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդելու է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 19-ին՝ Մոսկվայում:
Սահմանային լարվածության ֆոնին՝ ի՞նչ սպասել այս հանդիպումներից:
«Ես վախենում եմ, որ Բրյուսելում ինչ-որ նոր եռակողմ հայտարարություն ծնվի, որն ինչ-որ չափով կփակի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: