Վախենում են ապագա կարկանդակի անհավասար բաշխումից. Նիկոլայ Սիլաևը՝ Աբխազիայում բողոքի ցույցերի մասին
12 Նոյեմբերի 2024, 22:30
Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Աբխազիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը:
«Դա կապված է այն բանի հետ, որ Աբխազիա ռուսական ներդրումների գալու դեպքում շատ հավանական է, որ տնտեսական հնարավորությունների մեծ անհամաչափություն առաջանա նրանց միջև, ովքեր հիմա իշխանության են, և նրանց, ովքեր հիմա ընդդիմությունից են։ Իշխանության մեջ գտնվողներն ավելի մեծ առավելություն կունենան կապիտալի հասանելիության և տնտեսական հնարավորությունների առումով։ Նրանք, ովքեր ներկայումս իշխանություն չունեն, վախենում են այդ անհամաչափությունից Սա առաջին հանգամանքն է։
Երկրորդ հանգամանքն այն է, որ Աբխազիայում գերիշխում է հողերի նկատմամբ էթնիկ սեփականության խորհրդային գաղափարը։ Այսինքն՝ Աբխազիայի Հանրապետությունը համարվում է աբխազական ժողովրդի սեփականությունը՝ որպես հավաքական սուբյեկտի, և Աբխազիայի քաղաքական վերնախավը մտավախություն ունի, որ այդ հավաքական սեփականությունը ինչ-որ կերպ կխախտվի և մասամբ կարող է անցնել սխալ ձեռքի: Իսկապես, ռուսական կապիտալի հզորությունն այնպիսին է, որ Աբխազիայում դրան հակադրվելու ոչինչ չկա։ Եվ այդ պատճառով ռուսական կապիտալից վախենում են բոլորը։ Արդեն երկար տարիներ ռուսական ներդրումներ գրեթե չկան, քանի որ շատ ուժեղ մտավախություններ կան, որ «կգան ու կվերցնեն»», — ասել է Սիլաևը։
Միևնույն ժամանակ, քաղաքագետը նշել է, որ առանց ռուսական ներդրումների Աբխազիայի տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելն ուղղակի անհնար է:
«Քանի որ Աբխազիան՝ որպես հենց էթնիկ աբխազների հավաքական ռեսուրս, շատ կայացած և շատ ամուր հասկացություն է, ապա վախերը, որոնք արտահայտվում են ռուսական ներդրումների վերաբերյալ, հեշտությամբ աջակցվում են հանրության կողմից։ Չնայած ակնհայտ է, որ առանց ռուսական ներդրումների անհնար է լուծել Աբխազիայի տնտեսական և սոցիալական խնդիրները։ Բայց աբխազական քաղաքական վերնախավում գերիշխում է այն պատկերացումը, որ ավելի լավ է վերահսկել չաշխատող ռեսուրսը, ես նկատի ունեմ ներդրումային ռեսուրսները, քան ենթարկվել այդ ռեսուրսի մասնակի կորստի ռիսկի», — եզրափակել է Սիլաևը։