«Վաղուց արդեն հասունացել է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»․ ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել
02 Փետրվարի 2024, 12:29
Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձև են ներկայացրել՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի: Այս մասին հայտնում է ANCA-ն: Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակական ռազմական հարձակման ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, որոնք հանգեցրեցին Արցախի ողջ բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներին: Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը , Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը միացել են բանաձևին։
«Վաղուց արդեն հասունացել է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և խաղաղության ճանապարհը հարթելու անհրաժեշտությունը: Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծումը։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,- ասել է սենատոր Մարքին: