ՎԴՆԽ-ում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. իմանալ՝ հիշելու համար» խորագրով գիտաժողով
25 Ապրիլի 2025, 22:05
Ապրիլի 24-ին Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) Հայաստանի տաղավարի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. իմանալ՝ հիշելու համար» խորագրով միջբուհական գիտաժողով։
Միջոցառումը համախմբել էր 17 բանախոսների և շուրջ 100 հյուրերի՝ ուսանողներ, ասպիրանտներ, հետազոտողներ և դասախոսներ տարբեր բուհերից, որոնք հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկի պատմական, քաղաքական և բարոյական ասպեկտները։
Մասնակիցներն ընդգծել են, որ նույնիսկ 110 տարի անց պատմական ճշմարտության պահպանումը ոչ միայն պարտականություն է նախնիների հանդեպ, այլ նաև նոր սպառնալիքներից պաշտպանվելու գործիք։
Համաժողովի ընթացքում բարձրացվել է նաև ժամանակակից ժխտողական քաղաքականության կամ Հայոց ցեղասպանության հիշողության ավանդական մոտեցումների փոփոխության թեման: Մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ նման փորձերը կարող են խաթարել հայկական ինքնության բարոյական հիմքը և կասկածի տակ դնել պատմական ճշմարտության բուն արժեքը:
Հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե ինչու է կարևոր նման միջոցառումների անցկացումը։ Մասնակիցների խոսքով՝ նման ձևաչափով համաժողովները ոչ միայն խորացնում են գիտելիքներն, այլև ստեղծում են կենդանի երկխոսության տարածք, որտեղ երիտասարդները սովորում են վերլուծել բարդ պատմական թեմաները։