Վեհափառ Հայրապետը անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

27 Հուլիսի 2024, 16:20

Քաղաքականություն

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել ժամանակավոր հավատարմատարին և մաղթել արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Իրաքի իշխանություններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել։

Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զորացնելու երկու երկրների համագործակցությունը։ ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ  է կատարել նաև Իրաքում իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը։