Վեհափառ Հայրապետը հոգևոր հայրերին պատգամել է լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ
17 Մարտի 2024, 19:05
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորել է վերջիններիս իրենց ծառայությունն իրականացնել ավետարանական պատվիրանների ու պատգամների համաձայն, առաջնորդվել մեր սուրբ հայրերի օրինակով։
Հայոց Հովվապետն ընդգծել է նաև, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն առ Աստված զորավոր հավատքով, նվիրյալ ծառայությամբ, խոհեմությամբ ու համբերատարությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հայրերին լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ, հույսով, հավատքով, սիրով և անձնդիր նվիրումով ծառայեն հավատավոր հոտին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել հոգևորականներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր: