Վեհափառն, ըստ ավանդույթի, Սրբալույս Մյուռոնն օրհնելու է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով

06 Սեպտեմբերի 2023, 00:50

Մշակույթ

Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.

«Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.:

Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։ Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց և հայոց Մյուռոնը հրաշագործեց։

Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34):

Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին:

Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ (շարունակելի): 

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:

18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր: 13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ.։

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում: 
 Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:

Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար.

«Ի նկատի ունենալով հայոց ներկայ վիճակը այն խճճեալ հանգամանաց մէջ, ուր գտնւում է ազգը, նորա հոգեպէս իրար հետ կապողը համարում եմ ո´չ նորա լեզուն, ո´չ դպրոցները, ո´չ գրականութիւնը, ո´չ նիւթական շահերը, ո´չ միտք զարգացնող գաղափարները, միով բանիւ ոչինչ և ոչինչ, այլ միայն Սուրբ Միւռոնը, որն հաւասարապէս և առանց բացառութեան ամեն հայի համար նուիրական է, իշխանազն մեծատունէն բռնած մինչև հետին մուրացիկ աղքատը, և զառամեալ ծերունիէն սկսած մինչև նորածին երեխան. կրկնում եմ` միմիայն հայկական միւռոնը, Մայր Աթոռի մէջ պատրաստած, ճանաչում եմ ամեն հայի համար հաւասարապէս սուրբ, նուիրական պաշտելի և կարևոր: Այս է պատճառը, որ հայկական միւռոնը ճանաչում եմ ես այն ազգային դրօշակը, որոյ ներքոյ հաւատով, յուսով և սիրով ժողովւում են ամեն հայք առանց խտրականութեան հասակի և վիճակի, և դիտաւորութիւն ունեցայ շինել տալ մի կաթսայ, որի ծախքն պիտի լցնէ երկրագնդիս վրայ գտնուած ամեն հայի լուման».

Մեծանուն մտավորականը նամակում տալիս է նաև կաթսայի նկարագրությունը և նշում այն անձանց անունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորելու կաթսայի պատրաստումը: Ցավոք, Պատկանյանի այս նախաձեռնությունն այդ պահին իրականություն չի դառնում, այլ մի քանի տարի անց»: