Վենսի այցը տարածաշրջան Մետաքսի ճանապարհը վերահսկողության տակ առնելու փորձ է. Մարատ Բաշիրով
11 Փետրվարի 2026, 22:00
Քաղաքագետ Մարատ Բաշիրովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
«Իմ կարծիքով՝ Վենսի այցը տարածաշրջան կապված է Մետաքսի ճանապարհի այն հատվածը վերահսկելու փորձի հետ, որը Չինաստանը և այլ երկրներ անցկացնում են Իրանի տարածքով։ Խոսքը Հարավարևելյան Ասիայից Իրանի միջով անցնող տրանսպորտային միջանցքի մասին է։ Բեռները հասնում են հարավային նավահանգիստ, որն այժմ վարձակալել է Հնդկաստանը, այնուհետև երկաթգծով շարժվում են դեպի Կասպից ծով։
Կան մի քանի ուղղություններ․ եթե նայենք դեպի հյուսիս, երկաթուղին գնում է դեպի Կենտրոնական Ասիա։ Մյուս երթուղին անցնում է Հայաստանով՝ նույնպես երկաթգծով։ Դրան հետևում է համեմատաբար փոքր հատված՝ մոտ 50 կիլոմետր, որից հետո ճանապարհը դուրս է գալիս Ադրբեջան և այնուհետև կա՛մ դեպի Սև ծով, կա՛մ երկաթգծով դեպի Թուրքիայի նավահանգիստներ։
Կասպից ծովով իրականացվում է բեռնափոխադրում. բեռներն ուղղվում են դեպի Վոլգա, իսկ հետո գետով շարժվում դեպի Ռուսաստանի հյուսիսային նավահանգիստներ։ Այսպիսին է ընդհանուր առմամբ տվյալ տրանսպորտային միջանցքը։ Եթե ԱՄՆ-ը վերահսկողություն սահմանի Հայաստանով և Ադրբեջանով անցնող երկաթուղային հատվածի վրա, ճյուղերից մեկը փաստացի կփակվի։ Այդ դեպքում կմնա միայն Կասպից ծովով անցնող երթուղին՝ ծովային, իսկ հետո գետային ճանապարհը»,- կարծում է փորձագետը։
Ըստ քաղաքագետի՝ հայտարարելով որոշակի նպատակների մասին, պաշտոնական Վաշինգտոնը գործնականում կարող է հետապնդել այլ խնդիրներ։
«ԱՄՆ-ը չափազանց հեռու է գտնվում Հայաստանից և Ադրբեջանից, ուստի ես այս այցը դիտարկում եմ առաջին հերթին որպես ԲՐԻԿՍ-ի երկրների ծրագրերին հակազդելու փորձ։ Հաճախ իրական դրդապատճառներն ուղղակիորեն չեն հնչեցվում»,- ամփոփել է Բաշիրովը։