«Իրավիճակը կրիտիկական է, կանխեք հումանիտար աղետը». Վերածննդի հրապարակից արցախցիները երթով հասան Կարմիր խաչի գրասենյակ

14 Հուլիսի 2023, 10:53

Քաղաքականություն

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները երթով քիչ առաջ հասան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչություն:

«Կարմիր Խաչին կոչ ենք անում ահազանգել բոլոր մարդասիրական կոռույցներին՝ Արցախում իրավիճակը կրիտիկական է, կանխե՛ք հումանիտար աղետը»,- Կարմիր խաչի գրասենյակի դիմաց հայտարարեց հանրահավաքների մասնակիցներից մեկը:

Նշենք, որ այսօր Արցախում համաժողովրդական անժամկետ շարժում է սկսվել: Արցախցիները միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապահրը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։ Պետնախարարը կոչ է արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: