Վերականգնվել է Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթուղին

04 Հուլիսի 2023, 21:30

Տնտեսություն և Բիզնես

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ի սողանքի հետևանքով, վերականգնվել է։

«Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթում»,- նշված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության՝ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սողանքի պատճառով գնացքը չէր կարողացել հասնել մեկնման կետ։ Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում հորդառատ անձրևների պատճառով սողանք էր սկսվել։ Վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը, մի շարք ուղերթեր չեղարկվել էին: