Լիակատար արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան

27 Հունիսի 2023, 15:35

Քաղաքականություն

Տասնօրյա լիակատար արգելափակումից հետո՝ հունիսի 25-ին և 26-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 32 բուժառու՝ 20 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

ԿԽՄԿ մեքենաներով Արցախ են վերադարձել 33 բուժառուներ (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ են տեղափոխվել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։

Մինչ այդ՝ վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան, ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, հունիսի 24 -ին ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը դիմել էր հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով արգելափակման՝ Ադրբեջանը ցուցադրական կերպով 10 օր անդադար փակել էր ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։

Հիմա եթերում