Վերաքննիչ դատարանը արձանագրել է մարդու իրավունքների խախտում Սամվել Կարապետյանի գործով․ Արամ Վարդևանյան

16 Դեկտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրել էինք բավականին ծավալուն բողոք, ինչպես նաև անդրադարձել էինք մի շարք հիմնահարցերի ու ապօրինությունների, որոնք տեղի են ունենում գործարար Սամվել Կարապետյանի գործով, և, իհարկե, հիմնական պահանջը նրանում էր, որ կալանքը րոպե շուտ վերացվի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ցավոք սրտի, ըստ նրա, քաղաքական հետապնդման անասելի ճնշման պայմաններում Վերաքննիչ դատարանը չի կարողացել ամբողջությամբ բավարարել պաշտպանների կողմից ներկայացված բողոքը։

«Բայց, մի կարևոր իրավական դիրքորոշում է ներկայացվել, որը բավականին խոցելի է դարձնում նույնիսկ այս աբսուրդի պայմաններում և այս ճնշումների պայմաններում ամբողջ վարույթը։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այլևս այս գործի ձգձգումը հանգեցնում է մարդու իրավունքների հիմնարար խախտման։ Տեսեք, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Սամվել Կարապետյանի գործով հերթական ակնհայտ անհիմն և ապօրինի միջնորդությունը, որը ներկայացվել էր կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ, բավարարվել էր մասնակի, միայն 1 ամսով էր երկարաձգվել։ Իրականում պատճառը նրանում էր, որ այս վարույթն ունի որոշակի ժամկետներ։ Կոչի դրվագով մեղադրանքն ունի ժամկետ, դա 5 ամիսն է, բացառիկ դեպքերում անհրաժեշտ փորձաքննություն իրականացնելու համար կարող է երկարաձգվել ևս 1 ամսով, դրանից ավելի ժամկետ նախատեսված չէ այդ մեղադրանքի համար։ Վերաքննիչ դատարանը փաստացի այդ խնդիրը այլևս արձանագրել է, և այդ խնդիրը մենք մեր նախաձեռնությամբ բարձրաձայնել ենք թե՛ գրավոր միջնորդություններով, թե՛ բանավոր միջնորդություններով»,- նշել է փաստաբանը։

Վարդևանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքը կարելի է փակել, քանի որ այն չի գործում։

«Վերաքննիչ դատարանը փաստացի արձանագրել է, որ ժամկետներն արդեն տրամաբանությունից դուրս են, ինչ-որ իմաստով, նաև օրենքից են դուրս, դրանում է առաջանում մարդու իրավունքների հիմնարար խախտման հանգամանքը։ Մենք քանիցս քննչականին և դատախազությանը դիմել ենք, որ 53 քննիչներից բաղկացած խումբն ինտենսիվ գործողություններ կատարի, թող այս գործը կարճեն կամ ուղարկեն դատարան, որպեսզի մենք այլևս կաշկանդված չլինենք նախաքննական գաղտնիքով, և հանրությունը տեսնի, թե իրապես սա ինչ աբսուրդային և շինծու գործ է»,- եզրափակել է Վարդևանյանը։