Վերջին հնարավորության համար շատ ժամանակ չունես. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

26 Մայիսի 2024, 17:34

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սա Նիկոլ Փաշինյանի վերջին հնարավորությունն է։

«Եթե քո թիմը քեզ համար նշանակություն ունի, հրաժարական տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար: Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, այդ վերջին հնարավորության համար շատ ժամանակ չունես: Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին՝ առ գիտություն. եթե ձեր ղեկավարը, այնուամենայնիվ, արհամարհած ունենա բոլորիդ ու տանի բաժանման, այդ բաժանումը կարող ենք նաև մենք անել, փորձեք ձեր ջանքերը ներդնել՝ չհասնելու այդ ջրբաժանին:

Ջրբաժան, որ ծանր է լինելու, ծանր մեր հերոս տղաների թափված արյամբ ու հայրենիքին պատճառած կորուստներով: Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի, որովհետև Տերն է մեր հովիվը ու մեզ ոչինչ չի պակասելու»,- ասել է Բագրատ Սրբազանը: