Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքն արգելելով Հայաստան՝ իշխանությունը կատարել է Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունները. Իգիթյան

25 Օգոստոսի 2023, 18:00

Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի համոզմամբ՝ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան արգելելով՝ իշխանությունները կատարել են Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունները:

«Վիկտոր Կրիվոպուսկովը ունի պրոհայկական, պրոարցախյան հայացքներ: Նա արցախյան շարժման ժամանակ Արցախ է եկել որպես Սովետական միլիցիայի օպերատիվ շտաբի պետ, նա չեզոք մարդ էր, հետո հասկացավ, որ հայերի պայքարն արդար է ու դարձավ պրոհայկական: Նա կապեր էր պաշտպանում հայկական կողմի հետ, օգնում էր մեզ: Նա հասկանում, գիտակցում է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երեւի հենց այս պատճառով է նրա մուտքն արգելվել Հայաստան»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը:

Հիշեցնենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովին երեկ՝ օգոստոսի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել սահմանը։ Ավելի վաղ էլ Հայաստանի համար անցանկալի անձինք էին ճանաչվել ռուսական մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ հաղորդավար Տիգրան Քեոսայանը, քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը: Ի դեպ, Վերջին մեկ տարվա ընթացքում 6 սփյուռքահայ երիտասարդի է արգելվել մտնել Հայաստան: Նրանք բոլորն էլ քննադատել են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: