Վիրահայերը պահանջում են Արցախի խնդիրն օբյեկտիվ լուսաբանել․ նստացույց՝ Վրաստանի հանրային հեռուստաընկերության դիմաց
18 Սեպտեմբերի 2023, 16:29
Սեպտեմբերի 17-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ներկայացուցիչները, Արթուր Միրզոյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են իրականացրել, որին հաջորդել է 24 ժամյա նստացույցը:
Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում Արցախին վերաբերող ոչ լիարժեք տեղեկատվության առիթով:
Վրաստանի հանրային հեռուստաընկերության մի քանի լրագրող հանդիպել են ակցիայի մասնակիցներին: Լրագրողները ակցիայի մանսկացիների հետ զրույցում ասել են, որ իրենց աշխատանքի ընթացքում լուսաբանում են հակամարտության երկու կողմին էլ:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը լրագրողներին հիշեցրել է, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը ֆինանսավորում է նաև Վրաստանում ապրող 200 հազար հայ համայնքը: Նա կոչ է արել, որ հեռուստաընկերությունը փոխի շեշտադրումը և Արցախում կատարվողը չներկայացնի առավելապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այլ՝ որպես ցեղասպանություն, որն այս պահին կատարվում է Արցախում:
«Թո՛ղ կոնկրետ անդրադառնան նրան, որ ժողովուրդը սոված է, սովից մահանում են: Հերթ են կանգնում հացի համար: 21-րդ դարում մարդիկ կտրոններով են փորձում հաց գնել»,- ֆեյսբուքի իր ուղիղ եթերում վրդովմունք է հայտնեց Արթուր Միրզոյանը:
Միրզոյանը ուղիղ եթերում ասել է, թե վրացի լրագրողների հետ հանդիպմանը ուշադրություն են հրավիրել նաև այն հանգամանքին, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հայկական և ադրբեջանական բաժինը ղեկավարում է միևնույն անուն ազգանունով մարդը՝ Ռամիլա Ալիևան:
Միրզոյանն ասել է, որ այդ առիթով նախկինում էլ իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ այդ կինը իր պրոադրբեջանական դիրքորոշմամբ է առաջնորդվում:
Ակցիայի մասնակիցները շարունակել են իրենց բողոքը նաև սեպտեմբերի 18-ին, ընդդիմադիր հեռուստաալիքների՝ «Մթավարի» և «Իմեդի» շենքերի դիմաց: