Վիրտուոզ-ջութակահար Սամվել Հայրապետյանը Rock Soul խմբի հետ համերգով հանդես կգա Կազանում

28 Մարտի 2024, 18:40

Մշակույթ

Կազանում ապրիլի 23-ին տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Սամվել Հայրապետյանի և «Rock Soul» խմբի համերգը, որի ժամանակ նրանց երաժշտությունը կհնչի հազար մոմերի ներքո։ Այս մասին գրում է kzn.afishagoroda.ru-ն։

Ծրագրում ներառված է ջազ, սոուլ, դասական, նեոդասական երաժշտություն։ Համերգի ժամանակ կհնչի նաև հայկական դուդուկ՝ դուդուկահար Վարդան Բալայանի կատարմամբ:

Միջազգային մրցույթների դափնեկիր Սամվել Հայրապետյանը Պրեմիեր կամերային լարային նվագախմբի մենակատարն է, հանդես է գալիս Bellissimo դուետի և Rock-Soul երաժշտական բենդի կազմում:

Սամվել Հայրապետյանը ծնվել է Թուրքմենստանի Մարի քաղաքում, ջութակ նվագել սովորել է 7 տարեկանից՝ Թուրքմենստանի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ամիրյանցի մոտ։