VIVA հիմնադրամն ազդարարեց ՀՀ սահմանամերձ մարզերում հեռավար բժշկության պիլոտային ծրագրի մեկնարկը
11 Ապրիլի 2025, 21:03
9 տարեկան «Հայաստանի բժիշկներ և կամավորներ» (VIVA) բարեգործական հիմնադրամն այսօր ազդարարեց ՀՀ սահմանամերձ մարզերում հեռավար բժշկության պիլոտային ծրագրի մեկնարկը:
Նպատակը սահմանամերձ բնակիչներին որակյալ բժշկական ծառայություններ մատուցելն է: Նրանք տեղում կստանան բժշկական խորհրդատվություն և հեռահար կապով կդիմեն բժիշկներին: Ծրագրի բոլոր ծառայություններն անվճար են:
Հեռավար բուժկետները 7-ն են, առաջինը կբացվի ապրիլի 12-ին, Սյունիքի Ծավ, ապա Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում։ 2025-ին հեռավար բժշկության կետեր կբացվեն նաև Վայոց ձորում, Տավուշում ու Գեղարքունիքում:
Սահմանամերձ բնակավայրերում հեռավար բժշկության փորձնական ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար: Այն իրականացնելու համար նախնական հաշվարկով ծախսվել է 400 000 դոլար:
Հեռավար բուժկետները համալրվել են ախտորոշման և առողջության մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով: Ձեռք է բերվել մասնագիտացված տրանսպորտ, դեղորայք: Ծրագիրը ֆինանսավորել է ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: