Վիզաների ազատականացման գործընթացը կարող է անվերջ ձգվել․ Հակոբ Բադալյան

Հայաստանն իր քաղաքականությամբ արևմտյան դերակատարների համար ստեղծում է մի իրավիճակ, որ ինչ-որ քայլեր պետք է արվեն նրանց կողմից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումները դիտարկում եմ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանին որոշակի քաղաքական որոշումների խրախուսելու մեթոդաբանության շրջանակում։ Իհարկե, մյուս կողմից կա նաև այն գործոնը, որ Հայաստանն իր այսօրվա քաղաքականությամբ, ընդառաջ գնալով արևմտյան դերակատարներին, նրանց համար ստեղծում է մի իրավիճակ, որ ինչ-որ քայլեր պետք է արվեն նրանց կողմից։

Ըստ իս՝ սա այդ տրամաբանության շրջանակում է և, բնականաբար, այդ դերակատարներն էլ անում են քայլեր, որոնք մեծ հաշվով ինչ-որ հնչեղություն ունեն, բայց նաև առանձնապես մեծ պատասխանատվություն չեն էլ ենթադրում։ Դիցուք այս որոշումը մենք գիտենք, որ ենթադրում է տարիների բանակցություն, և ընդ որում, շատ հարաբերական մի իրավիճակ է, այսինքն՝ այս գործընթացը կարող է ձգվել անվերջ։ Բացի դա սա մի որոշում է, որը քարոզչական, տեղեկատվական մակարդակում բավական մեծ աղմուկ է հանում, բայց գործնական, քաղաքական առումով, ըստ իս, սրա նշանակություն առանձնապես մեծ չէ»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացման որոշումն ուղղված է նախկին խորհրդային հանրապետություններին Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելուն։

«Ես կիսում եմ այն կարծիքը, որ Եվրամիության նպատակը նախկին խորհրդային հանրապետություններին Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելն է, ինչը չեն էլ թաքցնում։ Նրանց համար այս գործընթացը միջոց է ռեգիոնում ՌԴ-ի, նաև Իրանի ազդեցությունը թուլացնելու համար, էլ չեմ խոսում Չինաստանի հետ կապված նրանց հեռահար հաշվարկների մասին։ Այս տեսանկյունից խաղը բավական վաղուց և բաց է ընթանում։ Այնպես որ, մեծ հաշվով, այս տրամաբանությունն է ցանկացած գործողության հիմքում, պարզապես կան տակտիկական խնդիրներ, և ինչպես նշեցի՝ Երևանն էլ իր հերթին, փորձելով խաղալ այս աշխարհաքաղաքական բևեռների միջև, կատարում է քայլեր, որոնք արևմտյան դերակատարներից պատասխան քայլեր պետք է ենթադրեն։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Երևանին ուղղված խոստումների շռայլություն, և այս քայլը ևս կարելի է դիտարկել որպես խոստում»,- ասաց Բադալյանը։

Հիմա եթերում