Վլադիմիր Հակոբյան․ Տաղանդավոր շախմատիստը

07 Դեկտեմբերի 2024, 23:27

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի ծննդյան օրն է։

Վլադիմիրը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 7-ին Բաքվում: Հինգ տարեկանում նրան շախմատ խաղալ սովորեցրել է հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսը։ Երբ լրացել է տղայի 8 տարին, նա Լիտվայում հաղթում է իր առաջին առաջնությունը։ 1986-ին դարձել է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, 1989-ին աշխարհի մինչև18 տարեկանների չեմպիոն, 1991-ին աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն: 1991-ին ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում և հասցրել է հանդես գալ Խորհրդային Միության մեծահասակների վերջին առաջնությունում։

Արդեն անկախ Հայաստանում Վլադիմիրը հաղթել է Հայաստանի առաջնությունում։ Հավաքականի իր գործընկերների հետ Հակոբյանը դարձել է շախմատի օլիմպիադաների եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն և եվրոպական մրցումներում արծաթե մեդալակիր։ Շախմատիստը հանդես է եկել Ռուսաստանի և Հայաստանի մարզական ակումբներում և հաղթել այս երկրների թիմային առաջնություններում:

1999 թվականին հանդես է եկել ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունում։ Նոկաուտ համակարգով անցկացվող մրցումներում Վլադիմիրը դուրս է եկել եզրափակիչ առանց մեկ պարտության։

2006 թվականին նա հասել է իր կարիերայի առավելագույն վարկանիշին՝ 2713 Էլո միավոր։ Նա հավասար հաշիվ ունի Գարի Կասպարովի և Վլադիմիր Կրամնիկի հետ մրցախաղերում և մեկ հաղթանակով առաջատար է Անատոլի Կարպովի նկատմամբ։

2014 թվականին Վլադիմիր Հակոբյանը հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա այժմ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մարզչական շտաբում է։ Վլադիմիրը նաև աշխատում է մի քանի տաղանդավոր պատանիների հետ և հանդես է գալիս որպես շախմատի փորձագետ գերմանական սպորտային ալիքներում: