Վլադիմիր Մուսայելյան․ ԽՍՀՄ և Ռուսաստանի գլխավոր լուսանկարիչը

08 Հուլիսի 2024, 23:30

Հայեր

Հուլիսի 8-ը հայտնի ֆոտոլրագրող և Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչ Վլադիմիր Մուսայելյանի ծննդյան օրն է։

Վլադիմիր Մուսայելյանը ծնվել է Մոսկվայում։ Հայրը՝ Գուրգեն Մուսայելյանը, նավաստի էր, մայրը՝ Վերա Կոնոնովան՝ տնտեսագետ։

Մուսայելյանը մանկուց սիրել է այն ամենը, ինչ կապված է եղել լուսանկարչության հետ։ Սակայն, ի զարմանս բոլորին, նա ընդունվել է արհեստագործական ուսումնարան և աշխատել ավիագործարանում։

Բայց լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը չի վերացել։ 1959-ին նա մի քանի սիրողական լուսանկարներ է ուղարկել «Սովետական լուսանկար» ամսագրին՝ հույս չունենալով, որ կկանչեն իրեն, բայց հետո հրավեր է ստացել պրակտիկա անցնելու «ՏԱՍՍ»-ի ֆոտոքրոնիկայում, այնուհետև դարձել է ՏԱՍՍ-ի թղթակից։

Նրա լուսանկարչական օբյեկտիվում են հայտնվել բազմաթիվ խորհրդանշական դեմքեր, ինչպիսիք են Յուրի Գագարինը, Ալեքսեյ Լեոնովը, Վալենտինա Տերեշկովան:

Վլադիմիր Գուրգենովիչը ուղիղ 13 տարի եղել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը։ Լուսանկարիչն ուղեկցել է Բրեժնևին ԽՍՀՄ-ով և արտասահմանյան երկրներում կատարած շրջագայությունների ժամանակ։

Բայց սա դեռ ամենը չէ: Մեծ հայը հետագայում լուսանկարել է նաև ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Յուրի Անդրոպովին, Կոնստանտին Չեռնենկոյին և Միխայիլ Գորբաչովին։

Մուսայելյանը նաև դասավանդել է՝ լուսաբանելով ռուսական լուսանկարչության պատմությունը Մոսկվայի պետական համալսարանի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։

Կյանքի վերջին տարիներին Վլադիմիր Մուսայելյանը եղել է «ՏԱՍՍ»-ի ֆոտոնախագծերի և ցուցահանդեսների խմբի խորհրդատու։

Մուսայելյանն ունի բազմաթիվ պատվավոր պարգևներ և կոչումներ, այդ թվում՝ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Վլադիմիր Գուրգենովիչը կյանքից հեռացել է 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Մոսկվայում ։

Հիմա եթերում