Պուտինը եզակի ներդրում է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Գալուզին

10 Փետրվարի 2025, 10:16

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եզակի ներդրում է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի գործում։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որին Ադրբեջանը և Հայաստանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին ։ Հենց նա (Պուտինը), չեմ վախենա այդ բառից, յուրահատուկ ներդրում ունեցավ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի գործում ։

Առաջին հերթին դա արվեց 2020 թվականի նոյեմբերին, երբ ձևակերպվեց եռակողմ փաստաթուղթ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը, փաստաթուղթ, որը պարունակում էր ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ։

Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այն երկրներն են, որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերությունները, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացեր և կնշանակեր հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում, այլ ոչ թե «ական» կդներ ապագա սերունդների համար»,- նշել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին դրդում է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն չմտածված և մինչև վերջ չհստակեցված որոշումները չեն կարող երկարաժամկետ կայուն խաղաղության հանգեցնել ։

«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին, և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ցանկանում որքան հնարավոր է շուտ Հայաստանին և Ադրբեջանին դրդել խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան որևէ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և մինչև վերջ ճշտված որոշումները կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ հակառակը՝ առճակատման որոշակի սերմեր ցանել ապագայի համար, ինչն, իհարկե, մենք խիստ անցանկալի ենք համարում և՛ Հայաստանի և Ադրբեջանի, և՛ Հարավային Կովկասի ու Ռուսաստանի համար»,- հավելել է Գալուզինը։