Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալությանը գնալուց հրաժարվելը ցուցադրական մերժում է. Վլադիմիր Շապովալով
06 Մայիսի 2024, 23:12
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հրաժարվելու մասին լուրը:
Փորձագետի կարծիքով՝ Պուտինի երդմնակալությանը գնալուց Փաշինյանի հրաժարվելը ցուցադրական մերժում է։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, բավականին ակտիվորեն վարում է արտաքին քաղաքական հետևյալ ուղղությունները. առաջինը Ռուսաստանից հեռանալու ցանկությունն է, երկրորդը՝ մերձեցումն արևմտյան հանրության հետ։ Փաշինյանի և նրա շրջապատի կողմից արվել են մի շարք հայտարարություններ, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ։ Տվյալ դեպքում Պուտինի երդմնակալությանը գնալուց Փաշինյանի հրաժարվելը ցուցադրական մերժում է։
Ի՞նչ են նշանակում այս գործողությունները․ Հայաստանը դառնում է Արևմուտքի ակտիվ փորձերի օբյեկտ՝ վերահսկելու Հարավային Կովկասը, Հայաստանը վերածելու հակառուսական քաղաքականության ֆորպոստի և Հայաստանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների ցատկահարթակ դարձնելու համար։ Պետք է ընդգծել, որ սա այսպես կոչված երկրորդ ճակատը բացելու քաղաքականության ընդհանուր համատեքստի մի մասն է։
Նրանք փորձում են ցնցել իրավիճակը Վրաստանում, Մոլդովայում, հակառուսական որոշակի գործողություններ իրականացնել հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրներում։ Վրաստանը, թվում է, վաղուց արդեն հայտնվել է Արևմուտքի կարթում, այնուամենայնիվ, չի հաջողվում իրավիճակն անշրջելի դարձնել և պարտադրել Վրաստանին հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, բայց փոխարենը հնարավորություն է ստեղծվել գործել Փաշինյանի միջոցով։
Ընդ որում, պետք է ընդգծել, որ այս գիծը, որն ակտիվացել է վերջին մի քանի ամիսներին, ուրվագծվել է ի սկզբանե, հենց որ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Այդ պատճառով տվյալ դեպքում դա Ռուսաստանի համար ինչ-որ անսպասելի փոփոխություն չէ, այդ իրավիճակը վաղուց հասունացել է»,- ասել է Շապովալովը։
Նա նաև նշել է, որ այս ցուցադրական գործողությունները երկու հասցեատեր ունեն։ «Մի կողմից Արևմուտքն է, մյուս կողմից՝ հայ հասարակությունը։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Փաշինյանը հեռանում է Ռուսաստանից և, փաստորեն, դրանով իսկ ընդգծում է իր հավատարմությունը Արևմուտքին։
Ինչ վերաբերում է հայ հասարակությանը, ապա նրա համար Փաշինյանն առաջ է տանում նարատիվներ՝ կապված այն բանի հետ, որ հենց Ռուսաստանն է մեղավոր վերջին տարիներին Հայաստանի հետ տեղի ունեցած բոլոր դժբախտությունների համար, և միայն Ռուսաստանն է պատասխանատու դրանց համար։
Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ մենք պետք է կիսենք Հայաստանի վարչապետի և հայ ժողովրդի դիրքորոշումը։ Փաշինյանը հակառուսական դիրքորոշում ունի, բայց միևնույն ժամանակ մենք հայ ժողովրդի հետ բարեկամության դարավոր պատմություն ունենք։ Այս պատմությունը ոչ մի տեղ չի գնա, վաղ թե ուշ Հայաստանում կգերիշխեն կառուցողական տրամադրությունները, իշխանության կգան քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են Ռուսաստանի նշանակությունը, հասկանում են, որ միայն Ռուսաստանը կարող է լինել հայկական պետության բնականոն բարգավաճման և զարգացման երաշխավորը», — եզրափակել է Շապովալովը։