«Վրացական երազանքը» կհաղթի. Արչիլ Սիխարուլիձեն՝ Վրաստանում ընտրությունների մասին

25 Հոկտեմբերի 2024, 23:05

Կարծիք | Քաղաքականություն

Վրացի քաղաքագետ, Sikha Foundation նախագծի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և դրանց հետ կապված հնարավոր դժվարությունները։

«Եթե չլինեին մեր արևմտյան գործընկերները, որոնք հանկարծ որոշեցին՝ իրենց այլևս դուր չի գալիս «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը, որն իրենց դուր էր գալիս մինչև ուկրաինական պատերազմը, ապա վստահ եմ, որ «Վրացական երազանք»-ը կհաղթեր հանգիստ, առանց աղմուկի, քանի որ ընդդիմությունը սկզբունքային ճգնաժամի մեջ է այն առումով, թե ինչ կարող է առաջարկել ընտրողին։

Միակ բանն իրականում այն է, ազդել են արդյոք արևմտյան գործընկերների ճնշումներն ու ուղղակի հայտարարությունները, թե դուք կամ քվեարկելու եք մեր օգտին, կամ մենք այլևս ընկերներ չենք լինելու։ Այդ մասին բացահայտ հայտարարել են նաև եվրոպական որոշ պետությունների դեսպաններ։

Այլ հարց է, թե Արևմուտքի ճնշումը և Արևմուտքի ներգրավվածությունը, որն առաջին անգամ այդքան ներգրավված էր Վրաստանի ընտրություններում, ինչպես կազդի ընտրողների վրա։ Խոսքը հիմնականում երիտասարդների մասին է, քանի որ «Վրացական երազանք»-ը ընտրողներ կորցրեց երիտասարդների շրջանում՝ 18-25 տարեկան, իսկ 30-35+ մարդիկ հիմնականում քվեարկում են «Վրացական երազանք»-ի օգտին։ Նրանք այն մարդիկ են, որոնց համար գաղափարապես լավ են հնչում այդ արժեքային կոչերը, բայց նրանք դրանով չեն ապրում»,- կարծում է փորձագետը։

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքին, ապա Alpha News-ի զրուցակիցը վստահ է, որ իշխող կուսակցությունը կհաղթի:

«Ինձ թվում է, որ «Վրացական երազանք»-ը կհաղթի, իսկ թե ինչպես, դա այլ խնդիր է։ Չեմ կարծում, որ նրանք սահմանադրական մեծամասնություն կստանան, դա մի փոքր բարձր է ասված:

Կլինե՞ն բողոքի ցույցեր, դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի տրամադրությունը։ Առայժմ այն, ինչ ես տեսնում եմ, Վրաստանում ընտրություններից առաջ ոչ մի անգամ այդքան հանգիստ չի եղել»,- ընդգծել է Սիխարուլիձեն։

Նրա կարծիքով, ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության հնարավոր բողոքները կոշտ կլինեն:

«Վրաստանը թեև փոքր է, բայց այնպիսի պետություն է, որտեղ կան ինստիտուտներ, կա ոստիկանություն և Վրաստանում այս հեղափոխական հանրահավաքների դարաշրջանը շատ վաղուց ավարտվել է։ Արդեն 20 տարի անընդհատ ինչ-որ հեղափոխության են սպասում։ Կարծում եմ, որ հարյուր տարի հետո ես նույնպես կսպասեմ դրան։ Պետությունը բացահայտ հայտարարել է, որ դուք կարող եք հանրահավաք անել այնքան, որքան ցանկանում եք։ Աստված օգնական: Վրաստանում դրա հետ կապված խնդիրներ չկան։

Բայց մի բան է հանրահավաք անելը, մեկ այլ բան՝ գրոհով շենքեր վերցնելը։ Դա նախկինում էլ էր օրենքի խախտում։ Ի դեպ, իմ կարծիքով, երեկ օրենք է ընդունվել այն մասին, որ գրոհով վերցնելու փորձը և նույնիսկ վարչական շենքերի արգելափակումը խիստ պատժվում են»,- եզրափակել է Սիխարուլիձեն։

Հիմա եթերում