Վրաստանի գլխավոր սխալն այն է, որ մենք Արևմուտքին ընկալեցինք որպես միակ այլընտրանք. Արչիլ Սիխարուլիձե
05 Դեկտեմբերի 2025, 23:10
Քաղաքագետ, «SIKHA Foundation» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հնչող հայտարարությունները և ԵՄ-ի վերաբերմունքը Վրաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ։
«Մեր ադրբեջանցի գործընկերները չեն հասկանում, որ վրացական քաղաքական էլիտան այժմ բոլորովին շահագրգռված չէ ադրբեջանական վեճերով։ Նրանք կենտրոնացած են բացառապես ներքին պայքարի վրա՝ հանուն եվրոպական ապագայի կամ ինքնիշխան պետության ապագայի։ Օրինակ, երբ ինքնաթիռն ընկավ, մեղադրանքներ հնչեցին, թե Վրաստանն է խոցել կամ Ռուսաստանին օգնել է։ Վրաստանի հասարակության համար նման մեղադրանքներն անհասկանալի են և հետաքրքրություն չեն առաջացնում։ Ես ուրախ կլինեմ, եթե Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում արվող հայտարարությունները հաշվի առնվեն նաև մեզ մոտ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Վրաստանին բացարձակապես պետք չեն խնդիրներ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի հետ։ Սպառնալիքները ծիծաղելի են թվում, որովհետև անհասկանալի է, թե ինչով և ինչու են սպառնում»,- ասել է Սիխարուլիձեն։
Փորձագետի խոսքով՝ Եվրոպան Վրաստանին «անձեռնմխելի» է համարում, քանի որ Թբիլիսին սկսել է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։
«Մենք մեր կամքով չենք վերադարձել, մեզ վտարել են Եվրոպայից։ Հասարակության մի մասը կարծում է, որ Վրաստանն իր բարեկեցության համար պարտական է Եվրոպային ու Ամերիկային և պետք է ինտեգրվի ԵՄ-ին։ Ցանկացած անհամաձայնություն անմիջապես անվանում են պրոռուսական դիրքորոշում։ Բրյուսելը մեզ մեղադրում է ժողովրդավարությունից հետ մնալու մեջ և «Վրացական երազանք»-ը համարում ձախողված նախագիծ։ Սակայն բնակչության մեծամասնությունը չի համարում, որ պետք է երկիրը զոհաբերել հանուն Արևմուտքի շահերի։
Մենք արդեն կռվել ենք Աֆղանստանում և Իրաքում, օգնել ենք Ուկրաինային, հարգանքի տուրք ենք մատուցել ՆԱՏՕ-ին արյունով։Ժողովուրդը հոգնել է և չի ուզում կրկնել ուկրաինական սցենարը։ Թեև ժողովրդավարության, խոսքի ազատության և տնտեսական աճի ցուցանիշներով Վրաստանը երկար ժամանակ առաջատար էր, պարզվեց, որ մենք «բավականաչափ համերաշխ չենք»։ Սա զայրացնում է նույնիսկ եվրոպամետներին. նրանք չեն հասկանում, թե ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանն ավելի մոտ դարձել Եվրոպային, քան Վրաստանը։ Մեզ համար դա իմիջի հարված է։ Վրաստանի գլխավոր սխալը մեկն է. մենք Եվրոպային և Ամերիկային ընկալեցինք որպես միակ այլընտրանք և չզարգացրինք այլ ուղղությունները՝ Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Թուրքիան, Ադրբեջանը։
Այժմ էլիտաները ստիպված են նոր կապեր փնտրել և խոսել բազմաբևեռության մասին։ Դա կարող է հրաշալի դաս դառնալ Հայաստանի համար. չի կարելի հույսը դնել միայն մեկ ուժի վրա՝ լինի դա Եվրոպա, Ամերիկա, թե Ռուսաստան։ Մենք թույլ տվեցինք այդ սխալը և մինչ օրս հատուցում ենք դրա համար։ Սակայն սա հասարակությանն օգնում է հասկանալ՝ աշխարհաքաղաքականությունը մշտապես կապված է եղել և՛ փողի, և՛ իշխանության հետ։ Սա է գլխավոր դասը Վրաստանի համար»,- նկատել է քաղաքագետը։