Վրաստանի հանրայինը մեր նստացույցի ընթացքում սկսեց Արցախի թեման պատշաճ լուսաբանել. Վրեժ Հարությունով
18 Սեպտեմբերի 2023, 21:45
Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը մինչ օրս ոչ բավարար է լուսաբանել: Կա որոշակի կողմնապահություն` հօգուտ Ադրբեջանի:
Այդ հեռուստաընկերության հայկական և ադրբեջանական բաժնի ղեկավարը ադրբեջանուհի՝ Ռամիլա Ալիևան է, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես զբաղեցնում էր այդ պաշտոնը:
Alpha News-ի հետ հեռավար կապով զրույցում Վրաստանի երիտասարդական և ուսանողական միությունների վարչության նախագահ Վրեժ Հարությունովը նշեց, որ ակցիայի ժամանակ իրենք բարձրացրել են նաև Ռամիլային մեկ այլ անձով փոխարինելու հարցը:
«Նա Ադրբեջանի դիկտատուրայի ակնհայտ երկրպագուն է, և նույնիսկ երեկ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նրան աջակցող հայտարարություն էր տարածել»,- ընդգծում է Վրեժ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, ստացվում է, որ Ադրբեջանը նույնպես չի թաքցնում, որ այդ անձը Վրաստանում իր դրածոն է:
Վրաստանի հանրային հեռուստաընկերության դիմաց ակցիա իրականացնելուց հետո, Վրեժ Հարությունովի խոսքով, վիրահայերը նաև 24-ժամյա նստացույց են իրականացրել եւ մինչև լուսաբաց գիշերել հեռուստաընկերության դիմաց:
Ըստ Հարությունովի, այդ ընթացքում իրենց է մոտեցել հեռուստաընկերության բաժիններից մեկի ղեկավարը և ասել, որ հավաքի մասնակիցների պահանջները պատրաստ է ներկայացնել խորհրդին:
«Երեկոյան նստացույցի ընթացքում արդեն իրենք լուսաբանում էին Արցախի թեման (նկատի ունի, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը, — խմբ. )»,- ասում է Հարությունովը և ընդգծում՝ հեռուստաընկերությունը նույնիսկ 15 րոպեանոց սյուժե է պատրաստել Արցախի մասին, լրիվ այլ շեշտադրումներով:
Ավելի վաղ, Alpha News-ը տեղեկացրել էր, որ վիրահայերը նստացույց էին կազմակերպել Վրաստանի հանրային հեռուստաընկերության դիմաց՝ պահանջելով Արցախի խնդիրն օբյեկտիվ լուսաբանել: