Վրաստանի իշխանությունները փորձում են ժողովրդին հասկացնել՝ դեպի ԵՄ պետք է գնալ արժանապատվությամբ․ Արթուր Միրզոյան

31 Հոկտեմբերի 2024, 13:05

Կարծիք | Քաղաքականություն

«Հայկական կարուսել» տերմինը քաղաքական տերմին չէ, քանի որ նման հասկացողություն չկա: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը:

««Հայկական կարուսել» տերմինը, ինչքան հիշում եմ, դեռ 2012 թ-ին շրջանառվում էր, բայց այն լռիվ այլ կերպ էր ընկալվում ժողովրդի կողմից: Այն քաղաքական տերմին չէ, քանի որ նման հասկացողություն չկա, և Հայաստանում էլ տեղյակ չեն դրանից: Ճիշտ է, այն Վրաստանում կիրառելի է, բայց այս պարագայում կդժվարանամ ասել, թե Վրաստանի նախագահնինչու դա կիրառեց»,- նշել է Միրզոյանը:

Խոսելով Վրաստանում օրերս տեղի ունեցած ընտրությունների և ընդդիմության ցույց մասին՝ նա ընդգծել է.

«Մինչ ընտրությունները արդեն պարզ էր, որ եթե իշխանությունը՝ «Վրացական երազանք»-ը հաղթի, ընդդիմությունը չի ընդունելու դա, իսկ իշխանությունն էլ վստահ էր, որ իրենք հաղթելու են: Եվ մինչ ընտրությունների արդյունքները հայտնելը պարզ էր, որ ընդդիմությունը չի համակերպվելու արդյունքների հետ: Հետևաբար, կարծում եմ, որ սա դեռ վերջը չէ, և ընդհակառակը՝ սա ինչ-որ բանի սկիզբն է»:

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի հայտարարությունը, թե պետք չէ շտապել Վրաստանի հետ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել՝ Միրզոյանը նշել է, որ իշխանությունները սպասում էին դրան:

«Ներկա իշխանություններն իրենց հարաբերությունները լարեցին Արևմուտքի հետ, երբ ընդունեցին օտար երկրի գործակալի վերաբերյալ օրենքը: Եվրահանձնաժողովի հայտարարությունը, թե պետք չէ շտապել Վրաստանի հետ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել, իշխանությունների համար նորություն չէր, նրանք սպասում էին դրան: Իշխանությունները հենց դա են իրենց ժողովրդին համոզում, բացատրում, որ գնալ դեպի Եվրոպա, Եվրամիություն, բայց գլուխներս բարձր, ու հենց դա է իրենց կարգախոսը՝ արժանապատվությամբ դեպի Եվրոպա: Նրանք նշում են, որ չեն ուզում դառնալ երկրորդ ճակատ, ու փորձում են ժողովրդին դա հասկացնել»,- եզրափակել է Միրզոյանը: