Վրաստանի ընդդիմության մեջ չկա միակարծություն, որը կարող է հանգեցնել «Մայդանի». Լալի Մորոշկինա
28 Հոկտեմբերի 2024, 22:00
Քաղաքագետ, լրագրող Լալի Մորոշկինան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թբիլիսիում այսօր նախատեսված ընդդիմության հանրահավաքը, որը բողոքում է ընտրությունների արդյունքների դեմ:
Փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մեջ չկա միակարծություն, որը կարող է հանգեցնել Մայդանի։
«Ընդդիմության կազմակերպած հանրահավաքները չեն կարող վերաճել «Մայդանի», որովհետև նրանք տարակարծիք են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում։ Այսինքն՝ այն միաձայնությունը, որը կարող է հանգեցնել «Մայդանի», իրականում հիմա ընդդիմության մեջ չկա։ Ընդդիմության որոշակի հատվածի մոտ կարծիք է ձևավորվել, որ իրենք, այնուամենայնիվ, պետք է մտնեն խորհրդարան, պետք է աշխատավարձ վերցնեն, որովհետև, ըստ օրենքի՝ 75 մանդատը բավարար է, որպեսզի խորհրդարանը շարունակի բնականոն աշխատանքը։ Իսկ մեծամասնությունն ավելի շատ ձայն ունի, քան 75-ը, այսինքն՝ նրանց ընդհանրապես ընդդիմություն պետք չէ խորհրդարանի աշխատանքի համար։ Դրա համար էլ մարդիկ, որոնք քվեարկել են ընդդիմադիրների օգտին, ասում են՝ մտեք խորհրդարան և եկեք շարունակենք աշխատել։ Այսօր չի զգացվում, որ ցանկություն կա փողոց դուրս գալու կամ փողոցում ինչ-որ բան ջարդելու։
Միևնույն ժամանակ, մենք չպետք է մոռանանք, որ իրավապահ մարմինները պատրաստ են, արդեն մեկից ավելի հայտարարություններ են արել, որ եթե ինչ-որ մեկը փորձի անհանգստություն պատճառել, կպատժվի։ Եվ արդեն ոչ ոք նրանց հետ այլևս լիբերալ չի լինի։
Այնպես որ, կարծում եմ, որ ոչինչ չի պատահի: Նախագահը, որը ռեզիդենտ է, իր կառավարման վերջին ամիսներին ցանկանում է վերջնականապես փչացնել ամբողջ Վրաստանը, և դա ուղղակի կհանգեցնի ժողովրդի վրդովմունքին։ Ուստի ես կարծում եմ, որ նրանք հիմա չպետք է կատակեն Նորին Մեծություն վրաց ժողովրդի հետ։ Եվ ես կարծում եմ, որ հենց իրենք՝ ընդդիմադիրները, ի վերջո որոշում կկայացնեն մտնել խորհրդարան», — ասել է Մորոշկինան։