Վրաստանին դրդում են հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ․ Կարեն Իգիթյան
24 Հուլիսի 2024, 21:44
Վրաստանին դրդում են հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը։
«Վրաստանը փորձում է անկախ խաղալ, չենթարկվել Արևմուտքի պահանջներին՝ ելնելով Վրաստանի ու վրացիների ազգային շահերից։ Վրաստանին դրդում են հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Բնականաբար, սա չի բխում Վրաստանի շահերից։ Վրացիները չեն ենթարկվում, իսկ երբ չեն ենթարկվում, նրանց սկսում են ճնշել։
Պետք է նշել, որ այս պահին մենք այն աշխարհակարգը, որ գոյություն ուներ մինչև 2022 թվականի փետրվարը, արդեն չկա։ Նոր աշխարհակարգը դեռ չի կայացել, իսկ հինը էլ չկա, որովհետև տեսնում ենք Վրաստանի օրինակով, որը չի ենթարկվում Արևմուտքին, տեսնում ենք , որ Հնդկաստանը, Սաուդիան Արաբիան էլ չեն ենթարկվում։ Այսինքն՝ նախկին դաշնակիցները, թեկուզ հենց հիմա գործող դաշնակիցները, արևմտյան դիկտատին չեն ենթարկվում»,- ասել է Կարեն Իգիթյանը։
Կովկասագետը ընդհանուր գծեր է տեսնում Սաակաշվիլիի ու Փաշինյանի քաղաքականության մեջ, ներառյալ՝ հակառուսականությունը։
«Համեմատենք Փաշինյանի ու Սաակաշվիլի իշխանությունը։ Այստեղ մենք շատ ընդհանուր բաներ կնկատենք․ նախ հակառուսական հռետորաբանությունը, երկրորդ՝ կեղծ ազգայնականությունը, պատերազմ հրահրելը, պատերազմում պարտությունը, Արևմուտքի սատարումը։ Մենք տեսնում ենք, որ նույն սխեմայով է գնացել ամեն ինչ։ Երբ Վրաստանը գնում է դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ չի ենթարկվում նրանց, այդ ամենը քաղաքական գին ունի։
Վրաստանին զրկել են ԵՄ անդամի կարգավիճակից, տեսնում ենք, որ Արևմուտքի մոտեցումը փոխվում է՝ չնայած Վրաստանի ղեկավարությունն ասում է, որ իրենց արտաքին քաղաքական կուրսը չի փոխվում, իրենք ուզում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամ։ Իսկ Արևմուտքն ասում է՝ մենք չենք ուզում, որ դուք անդամ դառնաք, եթե չեք կատարում մեր հրամանները»,- նկատել է կովկասագետը։