Վրաստանում աղմկահարույց օրենքի նախագիծն ուղղված է քաղսեկտրին կամ մեդիային, որը մեծ մասամբ հակաիշխանական է․ փորձագետ
16 Ապրիլի 2024, 23:00
Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ են ընթանում։ Վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ռուսաստանյան նմանակն ընդունելու մտադրության դեմ։ Այս թեմայով Alpha News-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Նախագիծն ուղղված է քաղսեկտրին կամ մեդիային, որը ներքաղաքական բարդ պրոցեսների ֆոնին մեծ մասամբ հակաիշխանական է։ Նախորդ տարի կասեցվեց այս օրենքի նախատիպը, իսկ հիմա չնչին փոփոխություններով «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ևս մեկ անգամ փորձում է ընդունել այս օրենքը։ Իմ կարծիքով՝ ըստ իշխանությունների, օրենքը ներքաղաքական պայքարի համար օգտագործվող լծակ է ապագայում, քանի որ այսօր այդ պրոցեսների ֆոնին շատ մեդիաներ ընդդիմադիր կեցվածք ունեն քաղսեկտորը, հասարակությունը ևս ծայրահեղացված է, և այսօր բավականին ակտիվ հակաիշխանական պրոցեսներ են ընթանում»,- ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները փորձում են որպես հակափաստարկ այդ ռեեստրը ստեղծել, որ կարողանան արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում որոշ հստակեցում մտցնել։
«Այս պարագայում իշխանությունները փորձում են որպես հակափաստարկ այս ռեեստրը ստեղծել, որ գալիք ընտրություններից առաջ կարողանան նաև արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում որոշ հստակեցում մտցնել, և դրանից բացի կարողանան հասարակության հետ ընդդիմադիր կազմակերպությունների, մեդիաների նկատմամբ ավելի բացասական կամ քննադատողական քննարկումներ ծավալել»,- եզրափակեց Մելիքյանը։