Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց հավաք է անցկացվել

07 Հունիսի 2023, 00:15

Հայեր

Այսօր՝ հունիսի 6-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ հավաք՝ ի աջակցություն Արցախի: Հավաքը կազմակերպվել և անցկացվել է «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որին մասնակցում էին Վրաստանում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներ, գրում է jnews.ge-ն:

Ներկաներն իրենց հետ ունեին պաստառներ հետևյալ գրություններով. «Արցախը մունք ենք», «Արցախից հրաժարվողը դավաճան է և վերջ», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Արցախը հայության սիրտն է», «Չկա Հայաստան առանց Արցախի»: Մարդիկ ծածանում էին ՀՀ և Արցախի պետական դրոշները, հնչում էր հայրենասիրական և Արցախի մասին երգեր: Հավաքի ամբողջ ընթացքը հսկում էին ոստիկանության աշխատակիցները:

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ.

«Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020 թ.-ին Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Բոլորս հավատում էինք հաղթանակին, բայց պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով՝ հաղթելու ենք, և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի՝ Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։

Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանն իրար դեմ տրամադրելու համար: Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ է, և ազատվելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Այնուհետև սկսվեց խայտառակ հայտարարությունների շարքը՝ Արցախի ամբողջական հանձնման համար հայությանը նախապատրաստելու ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի և համայն հայության հասցեին՝ թե բանավոր, և թե փաստացի։ Մենք բոլորս քաջ ծանոթ ենք, թե ինչ անմարդկային կերպով են վերաբերվել մեր գերեվարված զինվորներին և խաղաղ բնակչությանը, թե ինչպես են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել և սպանել՝ այդ ամենը նկարահանելով և տարածելով։

Նաև ցանկանում ենք նշել Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակումների փաստը և այն, որ արդեն Սյունիքի մարզն է վտանգված: Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակն ու ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարն այս տարածաշրջանում։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են թշնամու երախը հանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով. չկան հայեր՝ չկան խնդիրներ: Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:

Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն է: Դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։

Մինչ այսօր մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել և աջակցելու է Արցախին: Ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգույն, բայց վստահաբար կարող ենք ասել, համոզված ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու և վերադառնալու է իր օրինական և պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան»:

Հիմա եթերում