Վրաստանում հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին գիրք է հրատարակվել

26 Դեկտեմբերի 2024, 22:52

Կրթություն

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918–2023»-ը հանրամատչելի ուսումնասիրություն է՝ նվիրված ողբերգական իրադարձություններին եւ հանցագործություններին, որոնք իրականացվել են ավելի քան մեկ դար:

Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից, գիրքը բաժանված է վեց մասի, սկսած 1918 թվականի արյունալի իրադարձություններից, որոնք հայտնի են որպես «Բաքվի ջարդեր», և ընդգրկում է առանցքային դրվագներ, ներառյալ.
• 1919–1920 թթ. Շուշիում հայերի ջարդերը,
• 1988–1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայերի ջարդերն ու տեղահանությունները,
• 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները,
• 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները,
• 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը, Արցախի էթնիկ զտումը:

Գիրքը ոչ միայն իրադարձությունների տարեգրություն է, այլ ցեղասպանության, ջարդերի, բռնի տեղահանումների, մշակութային ժառանգության ոչնչացման և պատմական փաստերի սիստեմատիկ ժխտման միջոցով հայերին ոչնչացնելուն ուղղված ցեղասպանական քաղաքականության մանրամասն ուսումնասիրություն: Հատուկ ուշադրություն է դարձվում Շուշիի, Սումգայիթի, Բաքվի ողբերգություններին և Արցախի վերջին իրադարձություններին, երբ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր պապենական հողերը։

Գիրքը թարգմանվել է անգլերեն՝ հասանելի դարձնելով այն միջազգային լայն լսարանին: Գրքի անգլերեն տարբերակն արդեն փոխանցվել է Վրաստանում տարբեր երկրների ավելի քան 40 հավատարմագրված դեսպանություններին և ներկայացուցչություններին, ինչը նպաստում է ողբերգական իրադարձությունների մասին միջազգային իրազեկվածության բարձրացմանը։ Նախատեսվում է նաև ուղարկել այն երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցչությունները գտնվում են այլ երկրներում։ Վրացերեն տարբերակը փոխանցվել է Վրաստանի ավելի քան 20 բուհերի գրադարաններ, իսկ ապագայում նախատեսվում է ֆոնդերը համալրել անգլերեն թարգմանությամբ։

Առաջիկա ծրագրերը ներառում են գրքի փոխանցումը պետական հաստատություններին, Վրաստանի հիմնական կուսակցությունների կենտրոնական գրասենյակներին, հասարակական կազմակերպություններին, Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների խմբագրություններին: Սա կօգնի էլ ավելի մեծ ուշադրություն հրավիրել պատմական արդարության պահպանման և նման ողբերգությունների կրկնությունը կանխելու հարցերի վրա։

Գիրքը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում զոհերին, այլ նաև կոչ է միջազգային հանրությանը` գիտակցելու ցեղասպանության կրկնվող գործողությունների լրջությունը և քայլեր ձեռնարկելու դրանք ապագայում կանխելու համար: