Վրաստանը չգնաց Բրյուսելին կամ Վաշինգտոնին կուրորեն լսելու ճանապարհով. Ջոնի Մելիքյան

«Վրաստանն ընտրել է ավելի անվտանգ ճանապարհ իր վրացական ուղուն հասնելու համար», — Alphanews Room-ի ուղիղ եթերում ասել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը: Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր, Վրաստանը Ռուսաստանի հետ հարցերում դարձել է ավելի զգուշավոր: Պետությունը չի միացել Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցներին: Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով` Վրաստանը հասկացավ, որ Եվրատլանտյան դաշինքին մերձենալուն զուգահեռ` պետք է նաև պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ:

«Պետք է պրագմատիկ մոտենալ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ և կուրորեն չիրականացնել կամ չշարժվել այն ուղղությամբ, որը ցույց են տալիս Բրյուսելից կամ Վաշինգտոնից»,- ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Նա ընդգծում է նաև, որ ռուս-ուկրաինական ճգնաժամում Վրաստանն Ուկրաինայի կողմից է, թեպետ իր զսպված քաղաքականության պատճառով ուկրաինական էլիտայի կողմից Վրաստանն արժանացել է հանդիմանության: Վրացագետի խոսքով, եթե Վրաստանը չեզոք չլիներ այս շրջանում, ապա կարող էր լրջորեն վնասել իր տնտեսությունը: Նշենք, որ Ռուսաստանն աս տարի հանեց Վրաստանի հետ վիզային ռեժիմը, որը գոյություն ուներ 23 տարի: Վերականգնվեց երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, ավելանում է ապրանքաշրջանառությունը:

«Կարևորագույն հարցերի շուրջ Վրաստանը դեռ կարողանում է գտնել ոսկե միջինը»,- բացատրում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքով` Վրաստանի իշխանությունները Ուկրաինայի իշխանությունների հետ որոշակի տարաձայնություններ ունեն` Սաակաշվիլուն Ուկրաինային արտահանձնելու ռադայի կոչերով պայմանավորված: Մելիքյանը, սակայն, ընդգծում է՝ Վրաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տարաձայնությունները չդառնան Արևմուտք-Վրաստան ընդհարման պատճառ:

Հիշեցնենք, որ բանտում է գտնվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայի քաղաքացի է: Ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս կոչ են արել Վրաստանի իշխանություններին` արտահանձնել Ուկրաինային իրենց երկրի քաղաքացուն:

«Երբ, որ դու կախված ես լինում աշխարհաքաղաքական տարբեր պրոցեսներից քեզ կարող են ժամանակի ընթացքում օգտագործել»,- ասում է վրացագետը` նկատի ունենալով բանտում գտնվող Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին:

Մելիքյանը բացատրում է՝ այսօվա վրաց իշխանությունները չեն ուզում որդեգրել Սաակաշվիլու ընտրած ճանապարհը: