Վրաստանը հաստատել է ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան
14 Նոյեմբերի 2023, 11:35
Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
«Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների խմբաքանակի լուսանկարներ։ Նշվում էր, որ լուսանկարներն արվել են Վրաստանի «Փոթի» նավահանգստում, իսկ զրահամեքենաներն ուղարկվել են Հայաստան։