Վստահ չեմ, որ եվրոպացիներից որևէ մեկն իսկապես պատրաստվում է զոհվել Հայաստանի համար. Դմիտրի Ժուրավլյով
13 Փետրվարի 2025, 23:30
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին, որն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովը։
«Հետաքրքիր է, թե ինչպեսեն նրանք դառնալու Եվրամիության անդամ՝ առանց Եվրամիության հետ սահմանների։ Եվրամիությունն ամեն ինչ մեր (Ռուսաստանի) նկատմամբ այնքան հակակրանքի պրիզմայով է տեսնում, որ պատրաստեն ԱՊՀ ցանկացած երկիր իրենցով անել, որ այն մեզ բաժին չհասնի, կարծես մենք փորձում ենք նրանց ինչ-որ կերպ վերցնել կամ այլ բան անել։ Այդ պատճառով նրանք չեն մտածում այն հարցի շուրջ, թե ինչպես է դա գործելու, որտեղ է գործելու: Քանի որ նոր հանրապետություններին և նոր երկրներին սուբսիդիաներ են տրվում, կարծում եմ, որ այդ սուբսիդիաները մեծապես հիմք են հանդիսանում հաշվարկների համար։
Նախ՝ հարցն այն է, թե արդյոք Հայաստանն առանց մեր աջակցության կկարողանա պահպանել իր անվտանգությունը, իսկ երկրորդը տնտեսական հարաբերություններն են։ ՀՀ-ն ինքը չի գնում Արևմուտք, այն պարզապես չի կարող գնալ դեպի արևմուտք, նրա կողքին Վրաստանն է, Ադրբեջանը և Թուրքիան։ Ում հետ է նա առևտուր անելու: Թուրքիան Եվրամիության անդամ չէ, մյուս երկրներն առավել ևս, ինչպես է նա կառուցելու իր տնտեսական հարաբերությունները, որոնք այժմ կառուցվում են մեծամասամբ Ռուսաստանի հետ դաշինքի հիման վրա, չնայած որ Հայաստանի կառավարությունն այժմ այնքան էլ բարեկամական չի վերաբերվում մեզ», — ասել է Ժուրավլյովը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի կարող ապահովել անգամ Արևմտյան Աֆրիկայի անվտանգությունը, թեև դրանք նախկին ֆրանսիական գաղութներ են, ուստի Հայաստանի ինչպիսի անվտանգության մասին կարող է խոսք լինել:
«Վստահ չեմ, որ եվրոպացիներից որևէ մեկը իսկապես պատրաստվում է ինչ-որ կերպ զոհվել Հայաստանի համար», — եզրափակել է Ժուրավլյովը։