Վյաչեսլավ Դոբրինին. Նրա երգերը միշտ կապրեն մեր սրտերում

01 Հոկտեմբերի 2024, 23:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Վյաչեսլավ Դոբրինինը հայկական արմատներով ռուս հայտնի էստրադային երգիչ է, կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտության հեղինակ:

Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ ասպիրանտուրան, չնայած դեռ պատանեկության տարիներին նա պաշտում էր երաժշտությունը և լսում արտասահմանյան կատարողներին, նույնիսկ 1960-ականներին սովորում էր երաժշտական դպրոցում՝ դիրիժորական-երգչախմբային և ժողովրդական բաժիններում: Բայց չգիտես ինչու, այդ ժամանակ երիտասարդ Դոբրինինին թվաց, որ դա բավարար չէ, և նա ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ լուրջ ոլորտում։ Սակայն նրա տաղանդն ու կիրքը երաժշտության հանդեպ ավելի ուժեղ էին, քան կարծրատիպերը։

Նրա կարիերան սկսվել է 1968 թվականից, երբ Դոբրինինը մտավ «Օրփեոս» վոկալ-գործիքային անսամբլի կազմ, որտեղ նա կիթառ էր նվագում, այնուհետև միացավ «Веселые ребята» խմբին՝ որպես կիթառահար։

Դոբրինինի ժողովրդականությունը սկսեց աճել 70-ականներին, երբ նա սկսեց երգեր գրել փոփ աստղերի համար և ունեցավ մեծ հաջողություն: Դոբրինինի երգերը սիրվել են հանդիսատեսի կողմից և մինչ օրս մնում են հիթեր:

1980-ականներից սկսած Վյաչեսլավ Դոբրինինը սկսեց բեմ բարձրանալ, որտեղ նույնպես մեծ հաջողություն ունեցավ։ Նրա «Վերքիս աղ մի լցրու», «Կապույտ մառախուղ» և շատ այլ երգեր ընդմիշտ կհիշվեն տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից։

Դոբրինինը շատերի կողմից հիշվում է որպես լավ մարդ՝ գերազանց հումորի զգացումով, ջերմ սրտով և անսահման տաղանդով։ Նա ուներ հիթային գործերը զգալու բացառիկ տաղանդ։ Շատերը նրան նույնիսկ անվանում էին «Դոկտոր շլյագեր»։

Լև Լեշչենկոն, Յուրի Անտոնովը, Ստաս Միխայլովը և այլ հայտնի արտիստներ միշտ հիացմունքով են խոսում Դոբրինինի մասին՝ նրան համարելով որպես լավ ընկեր։ Նա երգեր է գրել ռուսական էստրադայի աստղերի համար, որոնց թվում են Ալլա Պուգաչովան, Աննա Գերմանը , Լև Լեշչենկոն, Իոսիֆ Կոբզոնը, Իրինա Ալեգրովան, Միխայիլ Շուֆուտինսկին և ուրիշներ։ Դոբրինինը 1000-ից ավելի երգերի հեղինակ է։

Երգահանի հայրը հայ էր՝ փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը՝ արմատներով Արցախից, իսկ մայրը ռուս՝ Աննա Անտոնովան, որը բուժքույր էր: Նրանք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ծանոթացել են ռազմաճակատում և միասին ապրել են երեք տարի։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ, լեգենդար երաժիշտ Վյաչեսլավ Դոբրինինը: