«Wizz Air»-ի՝ դեպի Հայաստան ոչ բոլոր չվերթներն են չեղարկված. ավիաընկերությանը պարզաբանում չի ներկայացնում

20 Սեպտեմբերի 2023, 15:00

Տնտեսություն և Բիզնես

Այս պահին Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:   

«Նշված ավիաընկերության կողմից երեկ ունեցել ենք Դորտմունդ-Երևան թռիչքի չեղարկում, այսօր՝ Լառնակա-Երևան: Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ ուշացումներ»,- ասել է նա։  

Խոսելով չեղարկումների պատճառների մասին՝ Մողրովյանը նշել է, որ «Wizz Air» ավիաընկերությունից պարզաբանում չեն ստացել:

Օդանավակայանի կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ չեղարկվել է Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան, Վենետիկ-Երևան և Լառնակա-Երևան, ուշացել՝ Աբու Դաբի-Երևան չվերթները և խորհուրդ է տրվում հարցերի համար դիմել ավիաընկերությանը։ Ավիաընկերության Երևան-Աբու Դաբի թռիչքը կկատարվի ուշացումով, Երևան-Լառնակա, Երևան-Հռոմ թռիչքների մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը: Մնացած թռիչքները, ըստ կայքի, իրականացվելու են ժամանակին: