Խաչանովը բարձրացել է ATP վարկանիշային ցուցակի 15-րդ հորիզոնական
26 Փետրվարի 2024, 11:11
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդ տեղից բարձրացել է 15-րդ հորիզոնական, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
27-ամյա Խաչանովը փետրվարի 24-ին նվաճել է կարիերայի 6-րդ տիտղոսը՝ հաղթելով Դոհայում կայացած ATP մրցաշարում: Եզրափակիչ խաղում նա հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին 7:6 (14:12), 6:4։
Վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Աշխարհի առաջին ռակետի կոչումը շարունակում է պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը:
Ինքը՝ Խաչանովը, հայտարարել է, որ իր վերջնական նպատակը շարունակում է մնալ «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հաղթելը։
«Իհարկե, յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել, ես փորձում եմ լինել մեծ հանդիպումների և մեծ մրցաշարերի խաղացող: Պետք է կարողանալ շատ ժամեր դիմանալ կորտում, բայց ես գիտեմ, որ եթե նույնիսկ կորցնեմ հաշիվը, կարող եմ հետո հաղթել, և դա ինձ օգնում է:
«Մեծ սաղավարտի» ոչ մի մրցաշարում չեմ հաղթել, սակայն կիսաեզրափակիչներում և քառորդ եզրափակչում պարտվել եմ միայն շատ լավ խաղացողների, ինչը ցույց է տալիս, որ մոտ եմ նպատակիս։ Իսկ իմ նպատակը մնում է նույնը՝ փորձել նվաճել «Մեծ սաղավարտի» տիտղոսը», -մարզիկի խոսքը մեջբերում է «Tennis Majors»-ը։