Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգին: Համերգի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։
Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։
Մրցույթի շրջանակում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը. նա մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 թթ. համերգաշրջանի ընթացքում։
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները և ժյուրիի կողմից ընտրված ևս մեկ դաշնակահար հնարավորություն կստանան մասնակցելու 2024 թ․ Դուբայում կայանալիք «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթին, որը «14 ուղի դեպի Դուբայ» միջազգային մրցույթների եզրափակիչ մրցությունն է։