«Խաչատրյանի անվան եռյակ»-ը ելույթ կունենա «Վորոնեժի Կամերատա» փառատոնին
02 Օգոստոսի 2024, 19:17
Նոյեմբերի 5-ից 10-ը Վորոնեժում կանցկացվի «Վորոնեժի Կամերատա» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։
Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին ելույթ կունենա «Խաչատրյանի անվան եռյակ»-ը (Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ)։
Փառատոնին ելույթ ունեցող գրեթե բոլոր արտիստներն առաջին անգամ կհայտնվեն Վորոնեժի ֆիլհարմոնիայի բեմում։ Վորոնեժի հանրությանը արդեն հայտնի է միայն «Խաչատրյանի անվան եռյակ»-ի անդամ Կարեն Շահգալդյանը։ Նա դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանի հետ հանդես է եկել «Վորոնեժի Կամերատա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։
«Խաչատրյանի անվան եռյակ» անսամբլը ստեղծվել է 1999 թվականին և համերգներով հանդես է եկել որպես «Արսիկա տրիո», իսկ 2008 թվականին կրել է հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը։ Այն միջազգային մրցույթների դափնեկիր է և վաստակել է բարձր պրոֆեսիոնալ, համաշխարհային մակարդակի անսամբլի համբավ։ Խումբն առանձնանում է վիրտուոզ կատարմամբ, արտասովոր համախմբվածությամբ և ոճի զգացումով։
«Խաչատրյանի անվան եռյակ»-ը համերգներով հանդես է եկել Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի Գևանդհաուզ, Մյունխենի (Gasteig-Philharmonie) համերգասրահներում։ Լոզանում («Schubertiade»), Կոստա-Ռիկայում («Festival de las Artes»), Մեքսիկայում («Festival International Cervantino») մասնակցել է փառատոների։ Կատարումներով հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Մերձբալթյան երկրներում, Ավստրիայում, Գերմանիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում։