Խանութներում հրաժարվում են անկանխիկ վճարումներ ընդունել. հարցում Տավուշում

29 Դեկտեմբերի 2025, 17:30

Քաղաքականություն

Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները դժգոհել են սոցիալական վիճակից: Բնակչության զգալի մասը դեռ չի սկսել ամանորյա գնումները, իսկ շատերի համար տոնական սեղանի ճոխությունն ուղիղ համեմատական է ստացված թոշակին կամ աշխատավարձին: «Մեր հնարավորության չափով կանենք»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը: «Ո՞նց պետք է պատրաստվենք, եթե փող չկա»,- ասել է մեկ այլ մասնակից: Տավուշցիները նաև բողոքել են բանկային քարտերով առևտրից, քանի որ շատ խանութներում հրաժարվում են անկանխիկ վճարումներ ընդունել՝ պատճառաբանելով, թե դա իրենց ձեռնտու չէ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում հատկապես այն մարդկանց համար, որոնք իրենց եկամուտը ստանում են բացառապես քարտային տարբերակով։ Թոշակառուներն էլ նշել են, որ ստիպված են խնայողություններ անել: «Սպասում եմ թոշակին, որ ամսի 3-ին նոր կարողանամ մի բան գնել»,- նշել է բնակիչներից մեկը՝ ընդգծելով, որ սոցիալական խնդիրների պատճառով տոնական գնումները հետաձգում են մինչև վերջին պահը: Հարցումները նաև ցույց են տալիս, որ տավուշցիների մեծ մասը որդեգրել է պարտք չանելու սկզբունքը՝ Ամանորը նշել հնարավորությունների սահմանում։ Մարդիկ նախընտրում են համեստ սեղան, բայց առանց պարտքերի: Մանրամասները՝ տեսանյութում: