«Անձնազոհությունը սովորել են ղարաբաղցիներից». Կոմանդոսն այսօր կդառնար 85 տարեկան
22 Մայիսի 2024, 20:05
Այսօր Արցախի և Հայաստանի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է, նա կդառնար 85 տարեկան։
Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին Թբիլիսիում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, ապա Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Սովորելուց հետո ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից՝ Հայաստանում։ 1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել աշխարհազորայինների ուսուցմանը։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
Ջոկատը պաշտպանել է սահմանամերձ հայկական գյուղերը, որոնք պարբերաբար ենթարկվել են հարձակման ու գնդակոծման ադրբեջանցիների կողմից։ 1991 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ, քաղաքական ծանր պայմաններում նպատակաուղղված աշխատանք է կատարել հանրապետության ուսումնական հաստատություններում, նախկին ԴՕՍԱՖՖ-ում և այլն:
1991-ին գնդապետ Տեր-Թադևոսյանը և փոխգնդապետ Ֆելիքս Գզողյանը գործուղվել են Արցախ, որտեղ զբաղվել են աշխարհազորայինների ուսուցմամբ: Աֆղանստանում նա ստացել է «Լեռնային աղվես» մականունը՝ լեռներում պատերազմ վարելու հմտության համար։ Արցախում նա ստացել է «Կոմանդոս» մականունը։
1992-ի մայիսի 8-ին Արկադի Տեր-ԹադևոսյանՆ իրականացրել է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան։ Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում է։
Ռազմական այդ գործողությունը, Կոմանդոսի գլխավորությամբ, հնարավոր է եղել իրականացնել նվազագույն կորուստներով։
1992 թվականի մայիսի 25-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Արկադի Տեր-Թադևոսյանն անգնահատելի ներդրում է ունեցել Արցախի պաշտպանության բանակի ստեղծման գործում: Զինվորական կարիերայի վերջին տարիներին ղեկավարել է ՀՀ զինված ուժերում մասնագետների պատրաստումը։
Լեգենդար Կոմանդոսը մահացել է 2021 թվականի մարտի 31-ին՝ 81 տարեկան հասակում։