Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի ու դեղորայքի. Մոսկվան Բաքվին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

06 Հուլիսի 2023, 16:07

Քաղաքականություն

Մոսկվան Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը քաղաքացիական նպատակներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների աճի եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնալով վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղամիջոցների պաշարների։ Սա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ Մենք կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Հարցին, թե ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանը Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ, Մարիա Զախարովան ասել է, թե Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։
«Այդ շփումները շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից եւ իրար հետ հանդիպելու պատրաստակամությունից: Մենք մեր կողմից գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում