Ղարաբաղի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները շատ տարբեր են. Քերիմ Հաս
07 Սեպտեմբերի 2023, 15:00
Քաղաքական գիտությունների թեկնածու, «Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպություն» վերլուծական կենտրոնի եվրասիական քաղաքականության հարցերով փորձագետ Քերիմ Հասը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-թուրքական հարաբերությունների վիճակը վերջերս Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո:
«Թուրքիայում ընտրություններից հետո Անկարայի և Մոսկվայի միջև լարվածությունն ինչ-որ չափով աճել է, և որպեսզի վերահսկողության տակ վերցնենք այդ լարվածությունը, և այն չվերածվի երկկողմ հարաբերություններում ավելի մասշտաբային ճգնաժամի, նման գագաթաժողով անհրաժեշտ էր երկու կողմերի համար», — նշել է Հասը:
Նա նշել է, որ թեև Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի նախագահի այցին Թուրքիա, բայց չնայած այդ հայտարարություններին, ի վերջո, Թուրքիայի նախագահը այց կատարեց Սոչի: Եվ հիշեցրել Է, որ Պուտինի և Էրդողանի վերջին չորս հանդիպումները նույնպես տեղի են ունեցել Ռուսաստանի տարածքում։ «Առայժմ թուրք-ռուսական հարաբերություններում անհամաչափությունը պահպանվում է հօգուտ Մոսկվայի», — այս առնչությամբ նկատեց փորձագետը:
Փորձագետի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցում, շատ տարբեր են: «Այդ պատճառով ղարաբաղյան հարցի վերաբերյալ բացահայտ ինչ-որ հայտարարություններ անելը երկու կողմերի համար էլ «սիրուն չի լինի»։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հարցը մենք շատ թեժ կքննարկենք հաջորդ տարի», — կարծում է Հասը։
«Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, մեծացնում է ռազմական և ռազմաքաղաքական ճնշումը Հայաստանի և Ղարաբաղի վրա, հատկապես փետրվարի 24-ից հետո (Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո), այն բանից հետո, երբ Ռուսաստանը շատ ծանրաբեռնված դարձավ Ուկրաինայի հակամարտությամբ։ Եվ Ռուսաստանը վերջին հերթին կցանկանար երկրորդ ճակատ բացել հետխորհրդային տարածքում։ Դա «շատ ցավոտ» կլիներ Ռուսաստանի համար», — հավելել է փորձագետը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրամիության օգնությամբ ցանկանում է կրճատել Ռուսաստանի ազդեցությունը արտերկրում, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքում: