Ղարաբաղի հարցով որոշումը կայացրել է Երևանը․ Դմիտրի Պեսկով

05 Ապրիլի 2026, 14:20

Քաղաքականություն

Ղարաբաղի պատկանելության հարցը Ռուսաստանի հետ կապ չունի․ այդ որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Միակ բանը, որ ցանկանում են նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը, այն է, որ այս թեմայի քննարկման ժամանակ ավելորդ հղումներ չկատարվեն մեզ։ Քանի որ որոշումը կայացնում է Երևանում իշխանության գտնվող ղեկավարությունը։ Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի»,— ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ կարևոր է, որ Երևանում գիտակցում են՝ անհնար է միաժամանակ անդամակցել թե՛ Մաքսային միությանը, թե՛ Եվրամիությանը և թե՛ Եվրասիական տնտեսական միությանը։

«Որոշակի պահի անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ այս պահին ոչինչ չի խոչընդոտում ԵԱՏՄ-ին և չի սպառնում դրան։ Եթե նման իրավիճակ առաջանա, նրանք այն կքննարկեն, կկշռադատեն բոլոր փաստարկները և կընդունեն որոշում։ Սա ևս ինքնիշխան դիրքորոշման դրսևորում է։ Սակայն ամենակարևորը՝ Երևանում դա հասկանում են»,— ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։